Դատական ակտերի հարակդիր կատարման(ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցներն այսօր Վանաձորում խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, ծեծի ենթարկել մի կնոջ եւ նրա երեխային:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ 2009 թ. օգոստոսի 27-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց եւ Սպանդարյան փողոցներում կատարողական գործողությունների իրականացման ընթացքում թույլ են տվել մի շարք ոչ իրավաչափ գործողություններ: Մասնավորապես`"ԴԱՀԿ-ի աշխատակիցները խոչընդոտել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Լարիսա Փարեմուզյանի աշխատանքը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին սպառնալով վերցնել լուսանկարչական ապարատը, իսկ Լարիսա Փարեմուզյանի ձեռքից քաշքշել եւ վերցրել լուսանկարչական ապարատը, ջնջել դրանում եղած նկարները:
- Երեւանի Դատական ակտերի հարկադիր կատարողները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել երիտասարդ մի կնոջ եւ 5 ամսական երեխայի հետ միասին գցել գետնին:
- ԴԱՀԿ աշխատակիցները մի տարեց կնոջ իր բնակարանից բռնի ուժով հանել են, հետո տեղափոխել ոստիկանության բաժին եւ միայն ոստիկանապետի հետ ունեցած առանձնազրույցից հետո բաց թողել:
- տարհանվող տների իրերի գույքագրումը իրականացվել է առանց սեփականատերերի ներկայության. նրանց ուղղակի չի թույլատրվել ներս մտնել
- քաղաքապետարանի բանվորները բնակիչների իրերը դատարկել են անփութությամբ եւ տնակային ավանի բնակիչների կամքին հակառակ տեղափոխել Լենինգրադյան տնակային ավան",- ասված է ՀՔԱ հաղորդագրության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղի ունեցածը գնահատում է ապօրինություններ, պաշտոնական դիրքի չարաշահում բռնությունների կիրառմամբ, լրագրողների օրինական աշխատանքը խոչընդոտելու փաստ եւ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից քննության առնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խմբի վերը նշված ապօրինությունները եւ պատասխանատվության ենթարկել:
Ի դեպ, ԴԱՀԿԾ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց ծեծի փաստը եւ նշեց, որ ԴԱՀԿ աշխատակիցները գործել են առավելագույնս կոռոկտության սահմաններում, իսկ ՀՔԱ աշխատակիցն ու «Առավոտի» թղթակիցն իրենք են սադրանքներ հրահրել: Ըստ ԴԱՀԿ-ի՝ օպերատիվ գործողությունները իրականացվել են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 10 վճռի հիման վրա ստացված կատարողական վարույթներով՝ Վանաձորի քաղաքապետարանի հայցերով: Տնակները տեղափոխվել են Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 5-րդ տնակային ավան: Միաժամանակ պահպանվել են բնակիչների բոլոր գույքային իրավունքները, ապահովվել է տնակների եւ գույքի տեղափոխումը նշված թաղամաս: «Հարկադիր ծառայողների գործողություններիը անցել են առանց միջադեպերի մինչեւ պարտապան Անահիտ Մարգարյանի տնակի տարհանման գործողությունները սկսելը: Նշված անձը սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ փորձել է հարվածել հարկադիր կատարողին, սակայն նրա գործողությունները կանխվել են: Հասկանալով Ա.Մարգարյանի այդ պահի հոգեվիճակը, ոստիկանները եւ հարկադիր կատարողները ընթացք չեն տվել միջադեպին»,- ասված է ԴԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Ռուբեն Գրձելյանը նաեւ նշեց, որ Ալավերդուց ժամանած «Առավոտ» թերթի եւ hetq.am կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանը նույն պահին միջամտել է հարկադիր կատարողների գործողություններին: Հարկադիր կատարողի պահանջը՝ ներկայանալ, Լ.Փարեմուզյանը անտեսել է եւ կոպտել ծառայողներին: Լրագրողը խոչընդոտել է հարկադիր կատարողների աշխատանքին: Ի դեպ, Ըստ ԴԱՀԿ մամուլի խոսնակի՝ դեպքի վայրում աշխատել են անեւ այլ լրագրողներ, որոնք որեւէ խնդիր չեն հարուցել:



















