Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 17 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Ջիվան Քամալյանը երեկ՝ ապրիլի 17-ին, պարտվել է ՏԻՄ ընտրություններում: Քանաքեռավանցիներն այս անգամ իրենց ձայնը տվել են ՀՅԴ թեկնածու, անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանին:
NEWS.am-ի հետ զրույցում նախկին համայնքապետը նշեց, որ այսուհետ կզբաղվի հողատնտեսությամբ:
«Էնքան աշխատանք ունեմ, հողերով կզբաղվեմ, տնտեսությամբ կզբաղվեմ, կնայեմ՝ հետագայում ինչ անեմ: Հենց հիմա նարդի եմ խաղում»,-ասաց նախկին համայնքապետը:
Ջիվան Քամալյանը համգյուղացիներից չի նեղացել ՏԻՄ ընտրություններում իրեն չսատարելու համար:
«Իրանք գիտեն, գյուղացին ինքն ա բախտն ընտրում, որ ընտրել են տվյալ ղեկավարին, թող գնան, աշխատեն իրա հետ: Երեւի հոգնել էին արդեն ինձանից»,-նշեց նախկին համայնքապետը:
Նշենք, որ ՀՅԴ թեկնածու, անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանը համայնքապետի ընտրություններում ստացել է 933, իսկ նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Ջիվան Քամալյանը՝ 824 ձայն:





























