Եթե Ադրբեջանը տարածքներ գրավի, դրանց ամբողջ բնակչությունը կարժանանա հայկական Թալիշ գյուղի տարեց մարդկանց ճակատագրին: Այս մասին ապրիլի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմական գործողությունները հայկական կողմերին իրավունք է տալիս՝ նախ դատական հայց ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: «Մենք ունենք դրա համար բոլոր ապացույցները: Եվ երկրորդ՝ փոխել աշխարհի պատկերացումն այն մասին, որ սա պատերազմ է տարածքի համար, պատերազմ է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ: Այս պատերազմը նրա համար է, որ ցեղասպանության չենթարկվենք: Մեր հակառակորդը ցույց տվեց, որ ցանկացած հաջողություն իր համար ցեղապսնության իրականացում է՝ ցանկացած տարածքում, որը նրանք կգրավեն, նրանք դաժանաբար կսպանեն այնտեղ ապրող բոլոր մարդկանց»,- նշեց Մանուկյանը:Նրա խոսքով սա ցեղասպան մտածողության դրսեւորում է: «Առավել եւս որ նրանց վերնախավն ու քաղաքական ղեկավարությունը երբեք չի քողարկել իր իրական նպատակները: Սահմանին կանգնած հայ զինծառայողները կանխում են ցեղասպանությունը: Մենք չպետք է թույլ տանք, որ միջազգային հանրությունը հայկական ու ադրբեջանական զինված ուժերին կշեռքի նույն նժարին դնի»,- շեշտեց Սուրեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հրապարակվեցին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի երեք տարեց հայ բնակիչների մարմինների լուսանկարները: Տարեց մարդկանց սպանել էին հրազենով, հետո կտրել նրանց ականջները:





























