Թալինի քաղաքապետի ընտրությունները բավական լարված էին, իշխանության բարձրագույն ներկայացուցիչները օրեր շարունակ այցելում էին այնտեղ եւ աշխատում ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«ՀՅԴ-ն թեկնածու ուներ երկու համայնքում` Թալինում եւ Քանաքեռավանում: Թալինում  անկուսակցական, հարգանք ունեցող երիտասարդ թեկնածու էր, նույնն էլ Քանաքեռավանում: Մոտ 3 հազարից մի քիչ ավելի մեր թեկնածուի օգտին քվեարկել են Թալինում, մոտ 2 հազար հոգի՝ Քանաքեռավանում: Մեր մրցակիցները Հանրապետական թեկնածուներ էին: Արդյունքները մեզ համար նորմալ են, սպասելի էր»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Քանաքեռավանում հաղթել է Դաշնակցության թեկնածուն: Աղվան Վարդանյանի խոսքով Թալինում պարտվելու պատճառն այն էր, որ ավելի ուշ որոշեցին թեկնածու առաջադրել: «Թալինում բարձրագույն իշխանության ներկայացուցիչները կենտրոնացած էին ավելի, քան Հրազդանում, որ ավելի մեծ քաղաք էր եւ կարողացան իրենց վարչական ռեսուրսն ավելի լավ օգտագործել»,-նշեց Վարդանյանը:

Նշենք, որ ապրիլի 17-ին Հայաստանի 33 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել, որտեղ ՀՅԴ-ն միայն երկու համայնքներում է թեկնածու առաջադրել:  Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՅԴ թեկնածու, անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանը՝ հաղթելով գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ջիվան Քամալյանին: