Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն առաջիկայում կվերաբնակեցվեն:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ, լսել գործընթացի հետ կապված վերջիններիս կարծիքներն ու առաջարկները: Հանդիպման շրջանակում քննարկվել են բնակիչների վերաբնակեցման հետ կապված հարցեր:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Վահե Նիկոյանը ներկայացրել է վերաբնակեցման ընթացակարգը, քաղաքապետարանի կողմից այդ նպատակով կառուցված շենքերը, ուր եւ նախատեսվում է վերաբնակեցնել Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի բնակիչներին:

Հանդիպման ընթացքում բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերաբնակեցման ծրագրով նշված հասցեներում հատկացվող բնակարաններ տեղափոխվելուն: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն առաջիկայում փաստաթղթային կարգավորումներից հետո կմեկնարկի վերաբնակեցման բուն գործընթացը:

Հարկ է նշել, որ Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված է 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում եւ, ըստ էության, ներկայում վերաբնակեցման ենթակա վերջին շենքն է: