Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարվածով սպանված Հեղինե Դարբազյանը իր սպանությունից մի քանի ամիս առաջ դիմել է ոստիկանություն եւ հաղորդել, որ իր նախկին ամուսինը բաժանվելուց հետո իրեն անհանգստացնում է: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, Երեւանի Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով իրեղեն ապացույցներն ու հետազոտությունները ներկայացնելիս ասաց մեղադրողը:
«Հեղինե Դարբազյանը 2015թ. հուլիսի 29-ին ոստիկանության բաժին է դիմել առ այն, որ 1999թ. ամուսնացել է Արտակ Առաքելյանի հետ, սակայն կենցաղային հարցրեի շուրջ տարաձայնություններ ունենալով` բաժանվել են, Արտակն իրեն հանգիստ չի թողնում: Հեղինեն ոստիկանությանը խնդրել է միջամտել եւ նախկին ամուսնուն կարգի հարվիրել: Ոստիկանությունում նույն օրը Արտակ Առաքելյանը իր բացատրության մեջ նշել է, որ կնոջը չի սպառնացել, քանի որ նա իր երեխաների մայրն է: Ոստիկանությունում նա խոստացել է, որ չի այցելի եւ անհանգստություն չի պատճառի նախկին կնոջը»,-ասաց մեղադրողը:
Նշենք, որ գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել մեղադրյալի ծալովի դանակը, որսորդական դանակը, պատյանը, Արտակ Առաքելյանի հագուստը, Հեղինե Դարբազյանի հագուստը: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն` Արտակ Առաքելյանի հարազատների մեջ հոգեկան հիվանդներ չկան, վաղ մանկական հասկի զարգացումը նորմալ է ընթացել,զարգացմամբ հասակակիցներից հետ չի մնացել: Սովորել է լավ առաջադիմությամբ, ավատրել է ութերորդ դասարնը, զբաղվել կոշկակարությամբ: Թմրանյութ, ալկոհոլ չի օգտագործել :
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:




























