Հայաստանը պետք է առավել հարմար պահի Ցեղասպանության պահանջներով միջազգային ատյաններին դատական հայց ներկայացնի։ Այս մասին ապրիլի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
Նա նշեց, որ, ցավոք, միջազգային դատարաններն ավելի շատ քաղաքական ինստիտուտներ են, քան իրավական։ «Երբ քաղաքական ինստիտուտ հայց է ներկայացվում, անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական իրադրությունն եւ նպատակահարմարությունը, այլ ոչ թե իրավական փաստաթղթերը։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստի փաստաթուղթ ունենանք, բայց այն ներկայացնենք առավել հարմար պահի։
Այսօրվա Թուրքիայի պարագայում այդ հարմար պահը կարող է գալ շատ ավելի շուտ, քան մենք սպասում ենք»,- նշել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ շատ հնարավոր է, որ գա մի պահ, երբ Թուրքիան այնքան հոգնեցնի միջազգային հանրությանը, որ գործիքներ անհրաժեշտ լինեն նրան պատժելու համար։ «Այդ ժամանակ մենք կկարողանանք մեր հայցը ներկայացնել որպես Թուրքիային պատժելու գործիք»,- ասել է թանգարանի փոխտնօրենը։





























