Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականությունը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր քրեական հետապնդում սկսել լրագրող Յան Բյոմերմանի դեմ, որը հաղորդման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել, գրում է Die Zeit-ը։
Հատուկ ARD հեռուստաընկերության համար Infratest Dipmap ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ գերմանացիների միայն 45 տոկոսն է գոհ կանցլերի աշխատանքից։
Ընդ որում, ապրիլի սկզբին, երբ Բյոմերմանի հարցով դեռ որոշում չէր կայացվել, Մերկելին պաշտպանում էր հարցվածների 56 տոկոսը։ Bild am Sonntag-ի անցկացրած մեկ այլ հարցման համաձայն՝ գերմանացիների 66 տոկոսը դեմ է հաղորդավարի դեմ քրեական հետապնդում թույլ տալու որոշմանը։
Այդ նախաձեռնությունը պաշտպանել է հարցվածների 22 տոկոսը, եւս 12 տոկոսը ձեռնպահ են մնացել։
Հիշեցնենք, որ երգիծաբան Յան Բյոմերմանը մարտի 31-ին ZDF հեռուստաընկերության եթերում էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր կարդացել։ Թուրքիան, դրան ի պատասխան, պահանջել էր քրեական հետապնդում սկսել հաղորդավարի դեմ։
Անգելա Մերկելի կաբինետն ի վերջո որոշել էր թույլատրել Բյոմերմանի դեմ քրեական հետապնդումը, ինչը բողոքի ալիք էր առաջ բերել ինչպես նրա ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շարքերում։





























