Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
«Այս պահին բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»,- ասել է Հակոբյանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն է։ «Հայաստանը, ինչպես Լեռնային Ղարաբաղը, մշտապես աջակցել են համանախագահ երկրների այդ դիրքորոշմանը»,- նշել է Հակոբյանը։
Ըստ նրա՝ մոտ օրերս կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցը Հայաստան։ «Դա լավ առիթ կլինի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին Ռուսաստանի մոտեցումները քննարկելու եւ բանակցային գործընթացի հեռանկարներին նայելու համար, որի բուն էությունն, անխոս, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է»,- ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը։
Նշենք, որ ռուսական «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանը եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ օրերս կայանալիք բանակցություններում փոխզիջման ձեռք բերելուն։ Աղբյուրների փոխանցմամբ Պուտինը մասնավորապես պատրաստ է անձամբ համոզել երկու կողմին, որ անհրաժեշտ է փոխզիջման գնալ։





























