Հայերի հետ համերաշխության ձայներ են անհրաժեշտ. ոչ թե պատերազմում հաղթելու, այլ դրան խոչընդոտելու համար: Այս մասին ասված է իտալական Tempi-ում հրապարակված հոդվածում: Դրանում, մասնավորապես, նշված է.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց ադրբեջանական հարձակումը՝ ռմբակոծություններով, տանկերով եւ գյուղերի գրավումով: Լեռնային Ղարաբաղի հայերը դիմադրություն ցույց տվեցին: Հիմա անկայուն հրադադար է: Բայց հազիվ թե Սիրիայում ԻԼԻՊ-ի ջոկատներից վերադարձած ադրբեջանցիները հրաժարվեն իրենց արհեստից:
Այս պատերազմը վարողներին կարելի է տարբեր կերպ անվանել. իրեդենտիստներ, անկախության կողմնակիցներ, վերանվաճման կողմնակիցներ: Երկու կողմերից յուրաքանչյուրը կարող է օգնության կանչել միջազգային իրավունքի սկզբունքները: Մի կողմից՝ քրիստոնյա ազգի բանակն ու ժողովուրդը, մյուս կողմից՝ մահմեդականներինը: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. հսկայական տարբերություն կա ռազմական պոտենցիալում՝ հօգուտ Ադրբեջանի: Բացի այդ, հայտնի է, այդ թվում՝ ռուսական աղբյուրներից, որ զինյալները վերադարձել են սիրիական Ռաքքայից, իսկ նրանց միացել են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության զինյալները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Մենք կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին, մենք աղոթում ենք, որպեսզի նրանք հաղթեն նվազագույն զոհերով: Մենք մինչեւ վերջ կսատարենք Ադրբեջանին»:
«Մինչեւ վերջը» նշանակում է հայկական հարցի վերջնական լուծո՞ւմ: Մեկուկես միլիոն հայ զոհերը բավարար չե՞ն:
Հայաստանում հայերի թիվը ներկայում 3.5 մլն է, իսկ ամբողջ աշխարհում՝ 10 մլն (Իտալիայում՝ 30 հազար. գրեթե նույնքան, որքան հրեաներն են): Նրանք կոտորածները վերապրածների ժառանգներն են: Լեռնային Ղարաբաղում նրանց թիվը շուրջ 150 հազար է:
Երբ թվում է, որ հակամարտության լուծումն արդեն մոտ է, ամեն անգամ ինչ-որ բան տեղի է ունենում: Այս ամենի հետեւում զգացվում է Թուրքիայի ձեռքը, որը ցանկանում է վիճարկել գործող աշխարհակարգը, քանի որ իրեն Ռուսաստանի հետ հավասար դիրքում է զգում: Մնում է ադրբեջանական փախստականների խնդիրը, որը նավթով եւ բնական ռեսուրսներով հարուստ Բաքուն չի լուծում, մոտավորապես այնպես, ինչպես արաբներն են պաղեստինցիներին օգտագործել եւ օգտագործում Իսրայելի դեմ:
Մինչ խնդրի լուծման ուղիներ են որոնում, կարեւոր է լսել հայերին ուղղված համերաշխության ձայները: Ոչ թե պատերազմում հաղթելու, այլ դրան խոչընդոտելու համար»:





























