ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը նստաշրջանից առաջ եւ դրա ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին հստակ փաստեր։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։
«Բնականաբար նստաշրջանին նախորդած 4-օրյա պատերազմ ԼՂՀ սահմաններին իր ազդեցությունն ունենալու էր և՛ մեր, և՛ ադրբեջանական պատվիրակության աշխատանքների վրա: Մենք դա հստակ գիտակցում էին և նախապես հսկայական աշխատանք է տարվել այս նստաշրջանին պատրաստվելու ընթացքում»,- նշել է Նաղդալյանը:
Նրա խոսքով, հայաստանյան պատվիրակությունը այսօր բոլոր քաղաքական խմբերում, Վեհաժողովին նախորդած բյուրոյի նիստի քննարկման ներկայացրել է հստակ փաստեր և տեղեկություններ իրադարձությունների մասին, ինչպես նաև պատրաստած նյութեր, բրոշուրներ: «Մենք մեր ելույթներում անդրադարձել ենք 4-օրյա պատերազմին, պատճառներին, նպատակներին, նախաձեռնողներին և շատ այլ հարցերի: Մասնավորապես ես իմ ելույթներում հատկապես շեշտադրել եմ նաև կապը ահաբեկիչների և ահաբեկչական կազմակերպությունների հետ, վերլուծել եմ իրադարձությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում, թուրքական իշխանությունների քաղաքականությունը, ընդգծել՝ Սիրիայից վերադարձած ադրբեջանցի ահաբեկիչների կապը ռազմական իրադարձություններ և իրադարձությունների հետագա զարգացումը»,- ասել է նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի, ադրբեջանցի պատվիրակները հայ պատվիրակների ելույթներին խիստ նյարդային են արձագանքել։ «Օգտագործում են մշտապես իրենց կողմից ստի և կեղծիքի տեխնոլոգիան՝ փորձելով շուռ տալ իրողություններ: Մի հետաքրքիր հանգամանք կար այս անգամ, որ ինչքան էլ ցանկանում էին մեղավորությունը ամբողջությամբ բարդել հայկական կողմի վրա, այնուամենայնիվ տրամաբանությունը դավաճանում էր: Օրինակ, երբ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը իր խոսքի մեջ բացականչեց, որ եթե չմերժվեր Վոլտերի զեկույցը հունվարյան նստաշրջանում, այս պատերազմը չէր լինի: Այսինքն նա անուղղակիորեն ընդունեց, որ իրենք են նախաձեռնողները, և որ իրադարձությունների հիմնական պատճառն այն է, որ իրենք ամեն գնով փորձում են իրավիճակը փոխել թե դիվանագիտական-քաղաքական, թե ռազմական ճանապարհով»,- արձանագրել է Նաղդալյանը:




























