Փախստականների ճգնաժամը լուծելու համար Եվրամիությունը պետք է շարունակի եւ նույնիսկ մեծացնի Թուրքիայի հետ կնքված համաձայնության իրականացման շուրջ կենտրոնացումը: Այս մասին ապրիլի 18-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կառույցի արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Հարցը քննարկել ենք նաեւ Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար (UNHCR) Ֆիլիպո Գրանդիի հետ: Այդ մասին զեկույցը կքննարկվի ապրիլի 27-ին եւ, հույս ունեմ, հավանության կարժանանա»,- նշել է Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, ԵՄ անդամ պետությունների ՆԳ նախարարները Թուրքիայի հետ կնքված համաձայնագրի իրականացման հարցը կքննարկեն այս շաբաթվա վերջին: