Հայաստանում արտագաղթի պատճառով այսօր հազիվ 2 միլիոն մարդ է ապրում, որոնց համար անկախությունն այլեւս արժեք չէ: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ եթե այդ մարդկանց համար անկախությունն այլեւս արժեք չէ, ապա «դրանից ցածր հարցերը՝ հայդատականությունը, ԼՂ հարցն ընդհանրապես արժեք չեն»: «Երեւի թե մեր ժուռնալիստներին թվում է, թե մեր հասարակությունը Ղարաբաղ ասելով քնում է, Ղարաբաղ ասելով՝ զարթնում: Չէ, Ղարաբաղը այլեւս արժեք չէ».-նկատեց Բադալյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե ապագայում ԼՂ 5 շրջանները հանձնվեն Ադրբեջանին, ապա Հայաստանում դրա դեմ որեւէ զանգվածային շարժում տեղի չի ունենա: «Ավելին, եթե անգամ Շուշիի վրա Ադրբեջանի դրոշն էլ բարձրանա՝ չսպասեք, թե շաժում է լինելու»,-հայտարարեց քաղտեխնոլոգը: Նա հավելեց, որ սոցիոլոգիական տարբեր, մասնավորապես «Գելլափի» հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր մոտ 1 միլիոն մարդ ցանկանում է լքել երկիրը, իսկ դա նշանակում է, որ այդ ընտրազանգվածն իր հայրենիքում ինչ-որ խնդիր ունի: «Դրանից հասարակությունը թուլանում է: Այսինքն, եթե դու տեսնւոմ ես, որ 2,5 միլիոնով չես կարողանում ոչ մի բան անել, ապա մտածում ես, որ 1,5 միլիոնով ընդհանրապես չես կարող: Արտագաղթը ազդում է հասարակության հոգեբանության վրա».-նկատեց Բադալյանը:
Ասուլիսին ներկա PR-ի մասնագետ Կարեն Քոչարյանը համաձայնելով ասվածի հետ, նկատեց, թե Հայաստանում Վալենտինի տոնն ավելի մեծ շուքով են նշում, քան անկախության տոնը: «Սակայն ես համաձայն չեմ, որ եթե Շուշիում Ադրբեջանի դրոշը բարձրանա՝ Հայաստանում շարժում չի լինի: Ես գոնե այսօր, նման բանի դեռ չեմ հավատում»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստանում ի հայտ եկող նոր շարժմանը, ապա, Քոչարյանի խոսքով, 2007–ին էլ ոչ ոք չէր սպասում, թե հնարավոր է շարժում տեղի ունենա: «2007 –ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ՝ առանց շարժման եւ ընդամենը երեք ամիս հետո տեղի ունեցավ շարժում, որը 4 ամսում թափ հավաքվեց»,-ասաց նա եւ չբացառեց, որ ապագայում էլ նման շարժում սկսվի:





























