Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայում հանգստացող գերմանացիների համար մի շարք հանձնարարականներ է հրապարակել, գրում է Focus-ը։
Մասնավորապես գերատեսչությունը գերմանացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել ուշադիր լինել հասարակական վայրերում զրույցի թեմաների ընտրության հարցում։ «Հատուկ քրեաիրավական կարգադրություններ» կետի տակ նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել Թուրքիայի իշխանություններին, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ քննադատելուց։
Պարբերականը նշում է, որ գերմանական հեռուստաընկերության եթերում Էրդողանին ծաղրած հաղորդավար Յան Բյոմերմանի նկատմամաբ քրեական հետապնդում սկսելու ֆոնին այդ հանձնարարականները նոր արդիականություն են ստանում։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ դրանք կապ չունեն սկանդալի հետ եւ հաստատված են եղել նախքան այդ։





























