ՉԺՀ-ի դատարանը տղամարդուն մահապատժի է դատապարտել օտարերկրյա հետախուզությանը գաղտնի փաստաթղթեր վաճառելու համար, հայտնում է   «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:   

Հեռուստառեպորտաժի համաձայն, Հուան Յույ անունով տղամարդը   1997-ից 2004-ին որպես տեխնիկական մասնագետ  աշխատել է պետական գիտահետազոտական գաղտնագրային ինստիտուտներից մեկում:   

2002-ին իր աշխատանքից ազատումից կարճ ժամանակ առաջ, նա ինքնուրույն կապվել է օտարերկրյա հետախուզություններից մեկի հետ, որի պետական պատկանելիությունը չի հաղորդվում` մտադիր լինելով նրան գաղտնի տեղեկություններ վաճառել:   

Տղամարդը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին ընդհանուր թվով  150 հազար նյութ է փոխանցել, որոնց թվում 90 փաստաթուղթ համարվել  է «հատուկ կարեւորության»  գաղտնի տեղեկություն, 292-ը կրել են «լիովին գաղտնի»  մակագրությունը եւ գրեթե 1,7 հազար փաստաթուղթ եղել է «գաղտնի» աստիճանի: Այդ տարիներին նա ընդհանուր առմամբ մոտ  700 հազար դոլար է ստացել:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ փաստաթղթերի փոխանցումը  «մեծ վնաս է հասցրել երկրի կուսակցական, քաղաքական, ռազմական եւ ֆինանսական գերատեսչությունների գաղտնագրված կապուղիների անվտանգությանը»:

Հուան Յունի բացահայտման հետ կապված` նրա նախկին աշխատավայրի առնվազն  29 պաշտոնատար անձ տարբեր  տույժերի է արժանացել:

Չի հաղորդվում, թե արդյոք ի կատար է ածվել մահապատիժը: