ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով Հայաստանը չպետք է խեղճանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` 80-ականների զենքերով կռվելու հայտարարությանը, Բագրատյանն ասաց.․ «Չեմ կարող նախագահի խոսքերը մեկնաբանել։ Քայլը ճիշտ է, եթե բան է տալիս, եթե ոչ, ապա ճիշտ չէ։ Գիտեմ որ Ռոգոզինը դրան շատ վատ արձագանքեց։ Չեմ կարծում, որ Հայաստանը խեղճանալու կարիք ունի»։

Հարցին՝ հնարավոր չէ՞ Ռուսաստանի առջեւ զենք չվաճառելու պահանջ դնել, պատգամավորն արձագանքեց. «Ինչո՞ւ պետք է դա անեն,․դուք հաշվեք Ձեր գրպանի փողը, ինչո՞ւ եք հաշվում ուրիշի գրպանի փողը։ Իրավունքս որն ա, ինչ ուզենան կանեն, դուք ձեր անելիքն արեք, հիմա նստենք լացե՞նք սրա համար։ Հիմա Ռուսաստանը վաճառում է, ես, դուք ի՞նչ կարող ենք անել»։

Վերջինս կոչ արեց նաև անընդհատ չմեղադրել միջազգային հանրությանը՝ Ղարաբաղի հարցում անգործություն ցուցաբերելու մեջ։ «Աստված մեզ շանս է տվել մեր հարցերը լուծելու....Մի երկու հարյուր միլիոն լիներ բանակն ավեի արդյունավետ կկռվեր։ Խնդիրը լուրջ է: Բայց մենք անընդհատ քցում ենք ուրիշների վրա»,- շեշտեց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է միայն ներքին համախմբվածությամբ պայքարել արտաքին մարտահրավերի դեմ, երբ չունենք դաշնակիցներ, պատգամավորը համաձայնեց` նշելով , որ ներքին միասնականությունը լինի բոլոր հարցերում: