Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի արցախա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի մարմինը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
«Հանդիպելու եմ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկենք մարմնի ընդունման հարցը: Չգիտենք՝ արդյոք անհետ համարվող Արգիշտի Գաբոյանի մարմի՞նն է։ Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննությամբ»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած. հայկական կողմին հանձնվել էր 18 անհետ կորածների մարմինները, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում: Ռազմական գործողություններից հետո անհետ կորած է համարվում 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը:





























