Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Խանդանյանի գլխավորությամբ դռնփակ նիստում որոշում կայացրեց երկու ամսով` մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը: Դատական դռնփակ նիստը տեւեց ավելի քան 3 ժամ, որից 2 ժամը դատավորը անցկացրեց խորհրդակցական սենյակում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում), 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրում) եւ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցին կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
NEWS.am-ի հետ զրույցում Ն. Փաշինյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որեւէ հիմք չկար իր պաշտպանյալին նկատմամբ կալանք կիրառելու համար: «Իրավաբանական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը լրիվ հնարովի է: Քննիչները ոչ մի փաստարկով չէին հիմնավորել իրենց պահանջը եւ դատարանն էլ հլու հնազանդ կատարել է քննիչների պահանջը»,- նշեց նա մեղադրանքի բովանդակությունը գնահատելով որպես «վատ հեքիաթ»: Տ. Աթանեսյանի ներկայացմամբ, «որեւիցե նկարագրություն չկա, թե կոնկրետ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, մեղադրանքում վերացական խոսքեր են. կազմակերպել է, հրահրել է, որի հետեւանքով եղել է 10 մահ: Սա ուղղակի անլուրջ է եւ ամբողջ դատավարական որոշումներն այդ ոգով են գրված»:
Փաստաբանը նշեց նաեւ, որ «արդեն գործի նախաքննությունն ավարտվել է, կա նաեւ ԵԽԽՎ բանաձեւը, որը կոչ է անում չձերբակալել ինքնակամ ներկայացած գործիչներին եւ որեւիցե հիմք, թե ինչու պետք է նա մնա անազատության մեջ, ինչու պետք է հենց կալանքը կիրառվի` չկա»:




























