Ղրղզստանի խորհրդարանը ապրիլի 20-ին չի կարողացել գաղտնի քվեարկության առաջին փուլով խոսնակ ընտրել. Կանատբեկ Իսաեւը ու Բակիտ Տորոբաեւը հավաքել են հավասար քանակությամբ ձայներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցած շաբաթ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Ասիլբեկ Ժեենբեկովը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել որ նրա ավագ եղբայրը՝ Սոորոնբայ Ժեենբեկովը առաջադրվել է վարչապետի պաշտոնի համար: Խոսնակի պաշտոնին հավակնում էին խորհրդարանական մեծամասնության մեջ մտնող միանգամից երկու խմբակցությունների առաջնորդներ՝ Իսաեւը «Ղրղզստան» խմբակցությունից ու Տորոբաեւը՝ «Օնուգուու Պրոգրեսից»: Ամբողջ շաբաթվա ընթացքում կոալիցիան փորձել է թեկնածուներին համոզել, որ միասնական թեկնածուով հանդես գան, սակայն քաղաքական գործչներին չի հաջողվել համաձայնության հանգել:
Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, երկու թեկնածուներն էլ հավասար քանակության ձայներ են հավաքել: Առաջին փուլում հաղթելու համար նրանք պետք է ստանային օրենսդիրների ավելի քան 50 տոկոսի աջակցությունը, այսինքն առնվազն 61 ձայն:
Խորհրդարանի կանոնադրությամբ նման իրավիճակ նախատեսված չէ, ու հիմա խմբակցությունների առաջնորդները որոշում են, թե ինչպես պետք է վարվեն:
Երկրորդ փուլում պատգամավորների քվեաթերթիկում, ըստ օրենքի, պետք է միայն մեկ ազգանուն լինի:




























