Սեպտեմբերի 20-ի դրությամբ, «Շանհայ- էքսպո 2010»-ի Հայաստանի տաղավար է այցելել 2 մլն մարդ։ 340 ք/մ տարածք ունեցող տաղավարն օրական ուներ 16-23 հազար այցելու։  Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսում ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բի Լայն» ընկերության տնօրեն Հայկ Խանջյանը։ Նրա խոսքով՝ տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ էր, այդ իսկ պատճառով չնայած անընդհատ գոյացող հերթերին մարդկանց հոսքը տաղավար չի  պակասել։

«20-30 մետր հերթ էր գոյանում, եւ մարդիկ 2-3 ժամ հերթ էին կանգնում, որպեսզի տեսնեին տաղավարը»,-ասաց Հ. Խանջյանը՝ նշելով, որ դա վկայում է այն մասին, որ տաղավարը հետաքրքրել է շատերին։

Հ. Խանջյանը նշեց նաեւ, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ «Ծիրանի երկիր», «Վերադարձ դեպի ակունքներ», «Անկախության 19-րդ տարեդարձի նշում» եւ այլ միջոցառումներ։

Նշենք, որ ավելի քան 190 երկիր եւ 50 միջազգային կազմակերպություն հայտ էին ներկայացրել մասնակցելու  «Շանհայ- էքսպո 2010»-ին, որը համարվում են երբեւէ տեղի ունեցած ամենամեծը ցուցահանդեսը։