Հայ ազգային կոնգրես կուսակցության համար զարմանալի է, որ չնայած ստեղված  քաղաքական իրավիճակին, ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումների ընթացքում իշխանությունները չցանկացան ընդառաջել ու ընդունել իրենց առաջարկները: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մենք ներկայացրինք մեր 5 կետերը՝ որոշ զիջումների գնալով: Իշխանությունները բոլոր հանդիպումների ընթացքում էլէկտրոնային գրանցման տարբերակն էին պնդում, մենք այդ  կետն էլ ընդգրկեցինք, ստացվեց 6 կետ՝ նաեւ իշխանության կետը:  Մենք նույնիսկ տարաձայնություններ էինք ունենում ներսում, բայց գնացինք  այդ փոխզիջման տարբերակին եւ, տարօրինակ էր, որ հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ 99 տոկոսով դա քննարկելի չէ, ու մենք ստիպված էինք հայտարարել, որ այս փուլում մենք համարում ենք ձախողված»,-ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով, իրենք հույս ունեին, որ իշխանությունը, ելնելով քաղաքական իրավիճակից, Ղարաբաղի իրավիճակից, մի քիչ զգոնություն, քաղաքական կամք հանդես կբերեր, եւ ընդառաջ կգար լուծելու խնդիրները: «Զարմացած ենք, տարօրինակ ենք համարում, որ իշխանությունը ընդառաջ չի գնում»,-  ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենց առաջարկները կառուցողական են, եւ իրենք դեռ հույս ունեն, որ քննարկումներ տեղի կունենան այս ֆորմատով, որը  կնպաստի ոչ միայն ընտրական օրենսգրքի լավացմանը, այլեւ Հայաստանի իմունիտետի բարձրացմանը դրսի մարտահրավերներին պատասխանելու համար:

Նշենք, որ Ազգային ժողովում 4+4+4 ձեւաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության գալու:

Ընդդիմության կողմից առաջարկվող հինգ կետերն են՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները, ընտրական ընտրացուցակներից հանել Հայաստանից բացակայող անձանց անունները, թանաքոտել քվեարկությանը մասնակցող անձանց մատները, ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ եւ ապահովել ուղիղ հեռարձակում, ինչպես նաեւ ամրագրել կետ, որ ԱԺ ընտրությունները պետք է լինեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով՝ բացառելով ռեյտինգային ցուցակների առկայությունը: