Հայաստանը կարեւորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի հետ հանդիպման ժամանակ նշել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրեց Երեւան իր այցելության նպատակները եւ Հայաստանի հետ համագործակցության ծավալման հնարավոր ոլորտները։
Առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարեւորեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։





























