Հայ ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, ով այժմ հանդես է գալիս շվեյցարական երրորդ լիգայի «Սերվետ» թիմում, 2009-ին հրավիրվեց Հայաստանի թե երիտասարդական, թե ազգային հավաքական: Այդ ժամանակ նրա հետ մեծ հույսեր էին կապում, բայց նա չամրապնդվեց հավաքականներում, հետո էլ փոխեց բազմաթիվ թիմեր: Թե ինչպես ընթացավ նրա հետագա կյանքը եւ ինչով է այժմ զբաղվում ֆուտբոլիստը նա պատմեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում: 

Հրաչ, 2009-ին միացար Հայաստանի երիտասարդական հավաքականին, հետո մասնակցեցիր նաեւ ազգային հավաքականի խաղին Բոսնիայի դեմ: Այդ ժամանակ քեզ հետ մեծ հույսեր էին կապում, իսկ հետո դու անհետ կորար: Ի՞նչ եղավ:

Ես ստացա շատ վնասվածքներ: Անգամ երբ խաղում էի ազգային հավաքականում, ներարկումներ էի ընդունում: Երբ վերադարձա իմ թիմ, երեք ամիս չէի կարողանում խաղալ: Բայց սա ֆուտբոլը է, եւ պետք է բախտ ունենաս ճիշտ պահին: 

Այդպես էլ չկարողացա՞ր վերադառնալ քո հին մարզավիճակին:

Այն ժամանակ երիտասարդ էի, բայց միայն դա չէր պատճառը: Ես վնասել էի ծնկատակի ջիլը: Այդ ժամանակ  պետք է տեղափոխվեի Գերմանիայի երկրորդ լիգա, բայց գործակալս շատ գումար պահանջեց եւ պայմանագիրը չկնքվեց: 

Կա՞ ինչ-որ բան, որի համար զղջում ես:

Ոչ, բացարձակ: Ինչպես ասում են՝ ամեն բան ծառայում է բարուն: Եթե այդպես եղավ, ուրեմն դա էր լավը ինձ համար: 

Ի՞նչն էր լավ այս պարագայում:

Ես հիմա ապրում եմ Շվեյցարիայում, խաղում «Սերվետ» թիմում, որը շատ լավ է: Ունեմ շատ նախագծեր՝ ոչ միայն ֆուտբոլային: Ունեմ շատ ծանոթություններ ֆուտբոլում եւ դրանից դուրս: Շատ երջանիկ եմ իմ կյանքով: Ֆուտբոլիստները խաղում են առավելագույնը մինչեւ 35 տարեկանը, իսկ հետո անելիք չեն ունենում:

Ֆուտբոլից բացի ի՞նչ ծրագրեր ունես:

Մենք խոսում ենք միայն ֆուտբոլից:

Ի՞նչն ես ամենից շատ հիշում Հայաստանում եղած ժամանակից:

Իմ գոլը Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դարպասը: Առաջին խաղս Թուրքիայի երիտասարդականի դեմ: Հետո ինձ հրավիրեցին ազգային հավաքական՝ Բոսնիայի դեմ խաղին: Շվեյցարիայի հետ խաղից հետո հոգնածություն կար, բայց ես ամբողջ խաղը խաղացի: Դրանից հետո այլեւս չհրավիրվեցի:

Ինչո՞ւ 2012-ին որոշեցիր տեղափոխվել «Գանձասար»:

«Գանձասարի» նախկին տնօրենի որդին ինձ պատմել էր թիմի մասին: Այն ժամանակ մարզիչը Աբրահամ Խաշմանյանն էր ու ինձ նա դուր էր գալիս: Սկզբից ինձ ասել էին, որ Երեւանից Կապան 2 ժամ է, բայց դա 5 ժամ էր: Այնտեղ անելու բան չկար, շատ տխուր էր: Իմ պայմանագիրը նախատեսված էր 2 տարով, բայց ես մնացի միայն մեկը:

Դու միակ Յագանը չես ֆուտբոլում: Կան շատ Յագաններ: Բոլորդ եղբարնե՞ր եք:

Ես ունեմ միայն մեկ եղբայր նա խաղում է Բելգիայի երրորդ լիգայում: Անունը Հրանտ է: Մյուսները բարեկամներ են՝ հիմնականում զարմիկներ, բայց  հիմնականում մենք չենք շփվում:

Vera&Football