Անցյալ տարվա ընթացքում եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցած հարձակումները եւ Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի  11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կարող են նույն շղթայի օղակները լինել, գրում է The Independent-ը։

Պարբերականի տեղեկության համաձայն՝ Փարիզում եւ Բրյուսելում գրոհներ իրականացրած ահաբեկիչները, ինչպես նաեւ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում ձերբակալված կասկածյալները կարող էին ավելի քան 15 տարի միջազգային միասնական շղթայի անդամ լինել: Բոլոր այս տարիների ընթացքում ահաբեկիչները շփում են պահպանել, իսկ  2011-ին սիրիական ճգնաժամի սկզբից հետո ակտիվացրել են իրենց գործունեությունը:

Հետախուզական մարմինների տվյալներով, ահաբեկչական գործողություններից հետո Բելգիայում ձերբակալված Աբդերահման Ամերուդը   2005-ին Ֆրանսիայի իշխանությունների կողմից դատապարտվել էր Աֆղանստանում դիմադրության առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի սպանությանը հանցակցության մեղադրանքով: Չհաստատված տեղեկության համաձայն, սպանությունը կարող էր կազմակերպել   «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա Բեն Լադենը: Ավելին, այն կարող էր Նյու Յորքում  2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների նախապատրաստության պլանի մաս լինել: 

Պարբերականը նաեւ հայտնում է, որ շատ ահաբեկիչներ  2000-2001 թթ-ին գալիս էին Լոնդոնի մզկիթներից մեկը, որտեղ դասավանդում էր իսլամական արմատական գործիչ Աբու Կատադան: Նրա հետեւորդների շրջանում էին 2015-ի հունվարին ֆրանսական Charlie Hebdo թերթի վրա հարձակման մասնակիցների հանցակիցները: