ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 20-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին եւ նրա հետ քննարկել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումները:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է պարոն Ավակովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵԱՀԿ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ արդեն իսկ ձեւավորված ակտիվ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը մեր երկրի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ օրենսդրական դաշտի, գործարար միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, էլեկտրոնային կառավարման զարգացման գործում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ արդեն ձեւավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու եւ խորացնելու համար: Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու համար:
ՀՀ վարչապետը եւ Արգո Ավակովն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումներին, Ընտրական օրենսգրքի ընդունման ուղղությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը:




























