Ֆրանսիայի Վետերանների նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից ֆրանսիական հաստատությունների՝ գործիք դարձնելու փորձերը, որոնք ցույց են տալիս Բաքվի պնդումների կեղծ բնույթը, գրում է «Ֆրանս-Ղարաբաղ»-ը:
Պարբերականի փոխանցմամբ, ադրբեջանական պետության հեղինակությունն ու հուսալիությունը կրկին անգամ հարցականի տակ են դրվում:
Մարտի 15-ին, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը դիմել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վետերանների եւ հիշատակի հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիին՝ Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված տեղեկության հավաստիությունը ստուգելու նպատակով: Ըստ վերոհիշյալ տեղեկության՝ փետրվարի 26-ին, Փարիզում, Հաղթանակի կամարի տակ, Անհայտ զինվորի շիրիմի առջեւ իբրեւ թե տեղի էր ունեցել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։
«Արդեն մի քանի տարի է Բաքվի քարոզչությունը ցինիկաբար օգտագործում է ադրբեջանցի քաղաքացիական զոհերին, միաժամանակ լռելով Ղարաբաղի քաղաքացիական կորուստների մասին՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերին զրպարտելու նպատակով», - բացատրեցին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ փոխնախագահներ Ռընե Ռուքեն եւ Գի Տեսյեն:
Ապրիլի 8-ի իր պատասխանում, պարոն Տոդեսկինին հերքել եւ պաշտոնապես դատապարտել է տեղի ունեցած միջոցառման մասին Ադրբեջանի դեսպանության կողմից կեղծ տեղեկության տարածումը:
Պետքարտուղարը նշել է, որ արարողությանը «ներկա են եղել մի շարք միություններ» եւ որ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ծաղկեպսակ է դրել, որի վրա գրված է եղել «Ֆրանսիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն». «գործողություն, որ պարբերաբար իրականացնում են օտարերկրյա պետություն ներկայացնող բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք՝ կրակի կոմիտեի պատասխանատվության ներքո»:
Տոդեսկինին նշել է, սակայն, որ միջոցառման վերաբերյալ Ադրբեջանի դեսպանության կողմից իր իսկ ինտերնետային կայքի միջոցով տարածված տեղեկությունը «կեղծ է»:
Պետքարտուղարը եզրափակել է իր նամակը` գրելով․ «Ես ափսոսում եւ դատապարտում եմ փետրվարի 26-ի Կրակի վառման արարողության՝ այս ինտերնետային կայքի միջոցով արված շահարկումը: Պատմությունը եւ հիշողությունը արժանի են թափանցիկության, ճշմարտության եւ պատասխանատվության մշտական զգացումի: Մենք դա պարտական ենք այն բոլոր զոհերին, ում հարգանքի տուրք ենք մատուցում նման արարողությունների ժամանակ»։
Ադրբեջանական իշխանությունների երկերեսանիությունը կրկին ապացուցող այս բացահայտումներն ի հայտ են գալիս Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայից անմիջապես հետո:
«Երբ պետությունն ի վիճակի է անամոթաբար ստել Ֆրանսիային եւ միջազգային հանրությանը մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ինչպես կարելի է հավատալ հեռավոր Հարավային Կովկասում տեղի ունեցածի շուրջ նրա կողմից ներկայացվածին։ Հաղթանակի կամարի դեպքը հաստատում է, որ ներկայիս ադրբեջանական ռեժիմը ոչ արժանահավատ է, ոչ՝ վստահելի », - ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
Բարեկամության շրջանակը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վարկաբեկելու փորձերը վկայում են Բաքվի իշխանությունների ատելության մասին:
«Այս վտանգավոր ռազմավարությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ լուծմանը: Երբ Ադրբեջանն ամեն օր իր քաղաքացիների մեջ սերմանում է հայատյացություն, ինչպես կարելի է հասնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաեւ ադրբեջանցիները այս քաղաքականության զոհն են, որի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռեժիմը», - բացատրել է Ֆրանսուա Ռոշբլուանը, եզրահանգելով, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանում պետք է այսուհետ գտնի եւ խրախուսի այլ ուժերի»:




























