Արագածոտնի մարզում 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» միջոցներով կիսակառույց տան շինարարությունն ավարտել եւ  տունը վերանորոգել է 10 ընտանիք:

Համագործակցող կառույցների ղեկավարներն այցելել են Մելիքգյուղ համայնք, ուր բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել երեք ընտանիք.  գնվել ու  վերանորոգվել է մեկ տուն, ավարտվել է մեկ կիսակառույցի շինարարություն,  հիմնովին փոխվել է մեկ տանիք, ամրացվել են նաեւ տան կրող պատերը:

Վարդանյանների բազմանդամ ընտանիքը  8 հոգով, 27 տարի բնակվել է վագոն-տնակում, որի մետաղյա պատերը ձմռանն աննկարագրելի սառն են եղել,  ամռան տապին՝ վառարանի պես տաք:  Այդ վագոն-տնակում են ծնվել ու մեծացել վեց երեխաները: Այժմ Վարդանյաններն ապրում են նախկինի վիճակի հետ համեմատության եզրեր չունեցող պայմաններում. նոր ու վերանորոգված բնակարանում:

«Ասում են հույսը վերջինն է մեռնում, բայց հավատացեք, ընտանիքս արդեն հույս էլ չուներ, թե մի օր հրաշք կկատարվի ու տուն կունենանք: Քառորդ դարից ավելի ապրելով առանց տարրական կենցաղային պայմանների, ինքներս էլ արդեն համակերպվել էինք այդ տխուր վիճակին: Բայց լինո՛ւմ են հրաշքներ, ու մեր ընտանիքի պատմությունն էլ դա է փաստում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր անտունին տան տեր են դարձնում»,- ասել է ընտանիքի մայրը՝ Սուսամբարը:

«Ամենաշատը, որը գնահատել եմ եւ շարունակում եմ հպարտանալ դրանով՝ հայի գեներում առկա մարդասիրությունն է. մեկը մյուսի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը: Սա մի հատկանիշ է, որը պետք է ամուր փայփայել: Այս ծրագիրն ասվածի լավագույն վկայությունն է. Մեկ տարվա ընթացում 40 ընտանիք ձեռք է բերել ոչ միայն տուն, այլեւ՝ լավ բարեկամներ: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցելով՝ տարբեր մարզերում տանտիրոջ կողքին իրենց կամավորական աշխատանքով կանգնել են նաեւ մեր երկու կազմակերպության աշխատակիցները: Ծրագիրը շարունակվելու ենք նաեւ այս տարի: Նախատեսում ենք դարձյալ աջակցել ավելի քան 40 ընտանիքի, որի համար կհատկացվի շուրջ 105 մլն. դրամ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հատկանշական է, որ 2015թ բնակարանաշինության ծրագրի ամփոփումը հենց այս տանն է կատարվում: 40 ից՝  այս ընտանիքն ամենաանմխիթար պայմաններում էր ապրում, եւ այստեղ հակադրությունն առավել տեսանելի է: Ուրախալի է տեսնել  ընտանիքի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները: