Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն Մարսելի Սեն Ժյուստ համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ակցիային։ Թվիթերի իր միկրոբլոգում պատգամավորը շնորհակալություն է հայտնել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալին միջոցառումը կազմակերպելու համար։ Նա տեղադրել է նաեւ տեղական թերթերից մեկում միջոցառման մասին հայտնված գրառումը, որում ասվում է. «Ժամանակը մաքրում է ամեն բան, ցավից բացի։ Սեն Ժյուստի համայնքային խորհրդի ճակատամասին հսկա պաստառ էր փակցվել մարսելցիներին դեմքով դեպի անցյալը շրջելու համար, որպեսզի դրա սարսափներն այլեւս չկրկնվեն։

Ցեղասպանության 100-ամյակին շատ բան է արվել, սակայն դրանով ամեն բան չի ավարտվում։ Այդ ցույցերը պետք է շարունակել տարեցտարի եւ բացատրել, որ մենք չենք ուզում, որ նման բան երբեւէ կրկնվի»,- ասե է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը, որը հունիսին կայցելի Հայաստան։

Քանի դեռ արդարությունը չի վերականգնվել, եւ Թուրքիան չի ճանաչել հանցագործությունը, մենք կշարունակենք պայքարը»,- ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող հանձնաժողովի ազգային քարտուղար Պասկալ Շամասյանը։