«Երախտապարտ եմ Նիդերլանդներին». - սրանք էին ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկի` Լեյլա Յունուսի առաջին խոսքերը Ամստերդամի Shipchol օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Լեյլա եւ Արիֆ Յունուսները Նիդերլանդների մայրաքաղաք ժամանեցին երեկ` այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը թույլատրեց նրանց լքել երկրի սահմանները: Ամստերդամի օդանավակայում Լեյլա եւ Արիֆ Յունուսներին դիմավորում էր նրանց դուստրը` Դինարան:

«Երախտապարտ եմ Նիդերանդներին: Այս երկիրը իմ դստեր երկրորդ հայրենիքն է: Հինգ տարի առաջ Բաքվում մնալը իմ դստեր համար վտանգավոր էր, քանի որ ես սկսել էի հետաքննել թրաֆիքինգում ադրբեջանական ոստիկանության ներգրավվածության մասին վկայող փաստերը: Այն ժամանակ դուստրս տեղափոխվեց Նիդերլանդներ, եւ երբ մեզ Ադրբեջանում ձերբակալեցին, նա այստեղ միայնակ չէր: Դա է պատճառը, որ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նիդերլանդների կառավարությանն ու ժողովրդին», - նշում էր Լեյլա Յունուսը այդ երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ շուրջ մեկուկես տարի բանտում անցկացրած ադրբեջանցի իրավապաշտպանները Ամստերդամ են ժամանել նախեւառաջ բուժման նպատակով: Այն, որ նրանց առողջական վիճակը բարվոք չէ, պարզ դարձավ Նիդերլանդներ ժամանելու առաջին իսկ րոպեներից: Այն պահին, երբ Լեյլա Յունուսը հարցազրույց էր տալիս հոլանդական հեռուստատեսությանը, նրա ամուսնու ինքնազգացողությունը կրկին վատթարացավ, միայն ուղեկցող անձանց միջամտության շնորհիվ էր, որ Արիֆ Յունուսը ոտքի վրա մնաց:

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսի խոսքով՝ Յունուսների ժամանումը Ամստերդամ պաշտոնական Բաքվի հետ անցկացված փակ քննարկումների արդյունք էր:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում