Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես հիմնադիր նախագահ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է այն շաղկապել ներքին քաղաքական խնդիրների լուծման հետ: Այս մասին NEWS.am- հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Սա ներքաղաքական խնդիր չէր լուծում, այն միտված էր այլ խնդրի եւ ես չեմ ուզում ներքաղաքական խնդիրները խառնենք արտաքինին: Իհարկե, ազդեցություն կա ընդհանուր ֆոնի վրա, բայց դա ընդամենը ֆոն է»,-ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ իրավիճակն ավելի կուրվագծվի առաջիկա քառօրյային, երբ կքննարկվի Ընտրական օրենսգիրքը: «Ընտրական օրենսգիրքը բերում են, հիմա կտեսնենք այդ մթնոլորտից ելնելով` որոշակի զիջումների գնում են, թե ոչ: Այսինքն` տարբեր խնդիրներ են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըւ հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը:
Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:





























