Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու եւ ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որն այսօր՝ ապրիլի 20-ին ԱԳՆ-ում ընդունեց Հայաստանի, Եվրոպայի եւ Ռուսաստանի եզդիական եւ ասորական համայնքային կառույցների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին։

Եզդիների եւ ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արեւելքում եզդիների եւ ասորիների նկատմամբ իրականացվող տեղահանություններին, հալածանքներին եւ ջարդերին վերջ դնելու համար:

Նախարարի տեղակալը, ընգծելով դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի եւ ասորի ժողովուրդների հետ հարաբերությունների առկայությունը, հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու եւ ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Քննարկվեցին բարեկամական ժողովուրդների տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել սերտացման հնարավորությունները: