Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի վերականգնումը չի նշանակում Մոսկվայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ բոլոր տարաձայնությունների վերացում: Այդ մասին ապրիլի 20-ին Բեռլինում հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայի նախագահ Դալա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Կանցլերի խոսքով, սակայն, ամեն դեպքում դա լավ նշան է: «Այն փաստը, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը դարձյալ կայացել է, որ դարձյալ բանակցություններ են եղել, լավ նշան է: սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե այլեւս ոչ մի տարաձայնություն չկա, թե բոլոր հարցերը պարզաբանված են: Խոսքը բանակցություններ վարելու կարողության մասին է, որն առկա էր նաեւ անցյալում: Այդ կապակցությամբ կարեւոր է, որ զրույցը տեղի է ունենում, սակայն կան նաեւ մի ամբողջ շարք լիովին տարբեր գնահատականներ», - ասել է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























