Վլադիմիր Պուտինի վերադարձը Ռուսաստանի նախագահի աթոռին բացառում է վրաց-ռուսական երկխոսության հնարավորությունը:
Այդ մասին, ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը, հայտնել է փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով, վրացական կողմը պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, բայց դա անհնար է, քանի դեռ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը:
«Ամենատխուրն այն է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը հրաժարվում է երկխոսություն վարել Վրաստանի օրինական ընտրված կառավարության հետ: Մենք հաշվի ենք առնում, որ Ռուսաստանը մեր հարեւանն է, բայց եւ գիտենք, որ ներկայիս ռուսական ղեկավարությունը չի խոսելու Վրաստանի օրինական ընտրված ղեկավարության հետ, որը պաշտպանում է իր երկրի ինքնիշխանությունը»,- հայտարարել է Կալանդաձեն:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայանալու են 2012թ.: Դիտորդները չեն բացառում, որ Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին առաջադրվի:




























