Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի ջանքերը՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

«Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետեւանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը։ Միեւնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհայտ է կորել 1992-ից 1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, եւ նրանց ընտանիքներին դեռեւս հայտնի չէ նրանց հետ կատարվածը։ Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։

Նշենք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո վերադարձվեց զոհված հայ զինվորականի մարմինը։ Գործողությունը տեղի ունեցավ շփման գծի մոտ՝ Ադրբեջանի Աղդամ շրջանի Բաշ Գարվանդ գյուղի շրջակայքում։

Մինչ այդ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին՝ շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտում զոհվածների մարմինները որոնելու, տարածքից դուրս բերելու, ինչպես նաեւ փոխանցելու մի քանի գործողություններին։

ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու եւ որպես չեզոք միջնորդ հանդես գալու շրջանակներում։