ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում ԼՂՀ խնդրի կարգավորման նոր առաջարկություններ չեն լինի, կլինեն մինչեւ այժմ քննարկված լուծումները։

«Գիտենք՝ նախկինում ինչ սկզբունքների շուրջ են քննարկումներն ու բանակցությունները տեղի ունեցել։ Այդ քննարկումները հենց այդ շրջանակում էլ պետք է լինեն, չեմ կարծում, որ նոր առաջարկություններ կլինեն, որոնք մինչ այժմ հայտնի չեն եղել մեր հանրությանը»,- ասել է նա։

Իշխանական պատգամավորը դժվարանում է ասել քառօրյա պատերազմից, ՌԴ արտգործնախարարի այցից հետո ԼՂՀ խնդրի լուծումը կթեւակոխի բեկումնային փուլ, թե՞ կրկին կսառեցվի. «Մի քանի օր առաջ էլ ՌԴ վարչապետի ելույթը եղավ այդ մասին եւ ինքը այսպիսի մի ձեւակերպում արեց՝ եթե ընտրում ենք մարդկային կյանքեր՝ սառեցված հասկացության մեջ, ապա ինքը սառեցվածի կողմնակից է, սա պատահական պաշտոնյայի արտաբերած բառեր չեն, փաստացի Ռուսաստանի Դաշնության երկրորդ պաշտոնյան է արտաբերել այս խոսքերը.... Եթե առաջարկությունը լինի անընդունելի ՀՀ եւ ԼՂՀ պետությունների համար, ապա չի ընդունվի։ Անընդունելի ասելով՝ նկատի ունեմ, որ եթե չլինի այս գլխավոր սկզբունքի շրջանակում՝ համաձայնեցված չի ոչինչ, եթե համաձայնեցված չի ամեն ինչ»։