Գրող Աքրամ Այլիսլիի դեմ դատական գործում փոփոխվել է հոդվածը:  Այդ մասին լրագրողներին հայտնել է գրողի փաստաբան Էլչին Սադիգովը, հայտնում է   haqqin.az-ը:

Նրա խոսքով, 221.1 հոդվածի փոխարեն (խուլիգանություն), նրան մեղադրում են   315.1 հոդվածով (դիմադրություն իշխանության ներկայացուցչին, որն իր ծառայողական պարտականություններն էր կատարում):

Այս հոդվածը մինչեւ երեք տարվա ազատազրկում է նախատեսում: 

Աքրամ Այլիսլին մեղադրվում է նրա համար, որ 2016-ի մարտի   30-ին Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում հարվածել էր Պետական սահմանապահ ծառայության աշխատակից Նիհալ Սեիդովին:  

Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին ուղեւորվում էր Վենետիկ` գրական փառատոնի, որտեղ մտադիր էր զեկույցով հանդես գալ: Զեկույցում անդրադառնալու էր նաեւ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությանը: Գրողին դուրս չթողեցին երկրից, ավելին, միջադեպ հրահրվեց եւ 78-ամյա Այլիսլիին մեղադրեցին ոստիկանի վրա հարձակվելու համար: Ինքը` Ա. Այլիսլին չի համաձայնել մեղադրանքներին: Նա պնդում է, որ ոչ մեկին չի հայհոյել եւ չի ծեծել: Ա. Այլիսլին կարծում է, որ իրեն հետապնդում են գրողական գործունեության պատճառով:  

Աքրամ Այլիսլիի հետապնդումներն առաջին տարին չէ, որ շարունակվում են եւ սկսվել են «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո, որում գրողը համարձակվել էր դրական արտահայտվել հայերի մասին: «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում ստեղծագործության հրապարակումից հետո Աքրամ Այլիսլին հետապնդումների էր ենթարկվել, նրան զրկել էին կոչումներից ու նույնիսկ սպառնացել էին   «ականջները կտրել»: