Ադրբեջանական մամուլն ավելի ու ավելի հետաքրքիր նյութեր է հրապարակում Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի գլխավորած խմբի գործունեության մասին: Հիշեցնենք. Ադրբեջանի ԱԱՆ անփոխարինելի ղեկավարը պաշտոնից հեռացավ աղմկահարույց սկանդալից հետո, եւ տարիներ շարունակ կատարված ապօրինություններն աստիճանաբար ադրբեջանական հասարակության սեփականությունն են դառնում:
Նրա անօրինական գործողությունների թվում են լրտեսության մեղադրանքով քրեական գործերի «հարուցումը»:
«Իմ որդին լրտես չէ: Նրան ծեծել են, կոտրել ոտքերը, խոշտանգել, իսկ հետո մեղադրել հայրենիքի դավաճանության մեջ: ԱԱՆ ղեկավարությունը նրանից 300 հազար մանաթ է պահանջել, եւ չստանալով գումարը՝ ցմահ ազատազրկման դատապարտել»,- հայտարարել է Հաֆիզ Վելիեւի մայրը՝ Դիլզարա Վելիեւան: Վելիեւին դատապարտել են իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով:
Վալիեւի մայրը պնդում է, որ իր որդին ԱԱՆ-ում գործող հանցավոր խմբավորման զոհ է դարձել: Ասում է՝ Հաֆիզից մեծ գումար են պահանջել, սակայն մանրածախ առեւտրով զբաղվող Վելիեւը չի կարողացել հավաքել անհրաժեշտ գումարը, ինչի հետեւանքով նրան ձերբակալել ենք, տանջել եւ, վերջապես, դատապարտել:
Մայրը որդուն առաջին անգամ կարողացել է տեսնել ձերբակալությունից 15 ամիս անց, երբ նրան դատարանի դահլիճ են բերել: Դեմքի այտուցվածությունից եւ կապտուկներից պարզ է դարձել, որ նրան երկար ժամանակ տանջել են: Որդու հետ զրույցում Վելիեւան հասկացել է, որ նրան նախ մեղադրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, իսկ հետո ԱԱՆ-ում որոշել են գործը վերաորակավորել՝ Վելիեւին մեղադրելով լրտեսության մեջ:





























