Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունված բանաձեւում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման եւ անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:
Բանաձեւում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային եւ Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին եւ տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:
Բանաձեւի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն (Cordaro Salvatore), Դ’Ազերո Անտոնինոն (D'Asero Antonino), Պապալե Ալֆիոն (Papale Alfio) եւ Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն (Grasso Bernadette Felice):
Բանաձեւի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռեւս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone) հետ հանդիպմանը:
Տեղեկանք. Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) եւ Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:
Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ., իսկ Սիցիլիայի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդն է:






























