Ամերիկացի զույգն օրերս Հայաստանից Դաունի սինդրոմով երեխայի է որդեգրել:

Ինչպես հայտնում է Michigan Live կայքը, Բոդերի ընտանիքից 2 տարի է պահանջվել 4-ամյա Սամվելին որդեգրելու համար:

«Շատ երկար ժամանակ իմ սրտում դատարկ տարածություն կար: Իհարկե, ամուսինս ու 8-ամյա որդիս կողքիս էին, սակայն այժմ եմ ես ինձ իսկապես ամբողջական զգում»,- ասել է Էրիկա Բոդը:

Ամուսիններին երկարատեւ քաշքշուկներից հետո է վերջապես հաջողվել Հայաստանյան մանկատներից մեկից որդեգրել փոքրիկին: Բոդերի պնդմամբ՝ իրենք ի սկզբանե ցանկացել են որդեգրել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխայի:

«Երբ առաջին անգամ տեսանք 9 ամսական Սեմի լուսանկարը, նա քաղցր բալիկ էր՝ սեւ մազերով եւ մեծ, շագանակագույն աչքերով: Երեխայի լուսանկարն ու նկարագրությունը տեղադրված էր Reece's Rainbow հիմնադրամի կայքում, որտեղից կարելի է որդեգրել Դաունի սինդրոմով երեխաների: Մեզ որդեգրման հարցում օգնել է Hopscotch Adoptions-ը»,- պատմել են ամուսինները:

Ջեֆ Բոդի խոսքով՝ իրենց առավել գրավել է այն լուսանկարը, որում Սամվելը գնդակ է խաղում. «Այնպես, ինչպես մեր որդին՝ Ջեքն էր խաղում, երբ դեռ փոքր էր: Ջեքն ու Սեմն արդեն ընկերացել են, նրանք արդեն եղբայրներ են»:

Բոդերի ընտանիքը համոզված է, որ Սեմը երջանիկ կլինի իրենց հետ: Էրիկա Բոդն էլ ընդգծել է, որ իրենց որդին այնքան խելացի է, այնքան լավը:

«Մեզ շատ են հարցնում, թե ինչու ենք որոշել որդեգրել Դաունի սինդրոմով երեխայի: Պատասխանը մեկն է՝ հատուկ կարիքավոր մարդկանց նկատմամբ տածած մեր կարեկցանքը գալիս է Աստծո նկատմամբ ունեցած մեր հավատի հետ»,- նշել է ընտանիքի մայրը:

Նշենք, որ 4-ամյա Սեմին եւ նրա ծնողներին օդանավակայանում դիմավորել են նրանց հարազատները «Բարի գալուստ» գրությամբ պաստառներով եւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի դրոշակներով: