Օրակարգում Լեռնային Ղարաբաղի անկախության վերջնական ճանաչումն է, իսկ Հայաստանի հետ միանալու հարց չկա: Այս մասին նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ: «Հակամարտությունն սկսվել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ Բաքուն կարողացավ դրա մեջ ներգրավել Հայաստանին: Հայաստանը դեռ չի ճանաչում Ղարաբաղը, դրանով ցույց տալով իր պատասխանատվության աստիճանը. Նրանք չեն ցանկանում խանգարել բանակցային գործընթացին»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա տեղեկացրել է, որ ղարաբաղյան կողմն առաջարկել է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. «Ես առաջարկել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին կազմակերպել իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: Բայց նրանք առայժմ ի վիճակի չեն ապահովել նման ձեւաչափ` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Այնտեղ ասում են. «Չկա նման պետություն: Դա Ադրբեջանի մի մասն է, եւ մենք կարող ենք բանակցություններ վարել ԼՂ հայկական համայնքի հետ»: Մենք տասնյակ անգամներ տարբեր առաջարկություններ ենք արել, մասնավորապես դիպուկահարներին հետ քաշելու կապակցությամբ: Բայց մեր բոլոր նախաձեռնությունները ընդունվում են հիստերիայով: Ընդհանուր առմամբ, պահպանվում է լարվածության միջին մակարդակը՝ ո՝չ, պատերազմ, ո՝չ խաղաղություն»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: «Մենք պետք է այդ փոխզիջումների մասին խոսելու հնարավորություն ունենանք, իսկ բանակցային գործընթացն ընթանում է առանց Ղարաբաղի մասնակցության: ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող փոխզիջման առարկա լինել»,- հայտարարել է Սահակյանը:
Լուրերին, թե Ռուսաստանը զինում է Բաքվին, ԼՂՀ նախագահը հայտնել է. «Մենք հավաստի տվյալներ չունենք, որ Ռուսաստանը պատրաստվում է զենք վաճառել Բաքվին: Ռուսաստանի շնորհիվ ձեռք է բերվել այս խաղաղությունը, թեկուզ հարաբերական»:
Բակո Սահակյանը նշել է նաեւ, որ Ուկրաինան Ղարաբաղի համար բարեկամական երկիր է. «Ցավոք, մենք Ուկրաինայի հետ կապեր չունենք: Մենք կուզենայինք ապահովել տնտեսական, մշակութային, կրթական համագործակցություն: Մենք պաշտոնական հարաբերություններ չունենք ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի, ոչ էլ ԵՄ-ի հետ: Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Մեդվեդեւի, ոչ Յանուկովիչի հետ»,- ասել է Սահակյանը:




























