Բելգիայում բոլոր մարդիկ գիտեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Ֆրեդերիկ ֆոն Վարգենը եւ Մարիա Դինիմանսը` բելգիացի զույգ, որը ճանապարհորդում է Կովկասում:
«Բելգիայում բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: Մենք, իհարկե, այդ մասին գիտեինք մինչեւ Հայաստան գալը: Մեր երեխաները գիտեն այդ մասին, մեր թոռները եւս գիտեն», - ասել են նրանք:
Նրանց խոսքով, քանի որ Եվրոպայում Ցեղասպանության մասին տեղեկությունները մատչելի են եւ շատերը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, շատ եվրոպացիներ այսօր հանդես են գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ:
Ֆրեդերիկը եւ Մարիան վերջերս են Հայաստան եկել եւ այսօր` ապրիլի 24-ին հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ այցելել են Ցեղասպանության թանգարան, որտեղ հետաքրքրությամբ ծանոթացել են բոլոր լուսանկարներին եւ փաստաթղթերին:
«Մեզ դուր եկավ թանգարանը, շատ լավ արտացոլում է տեղի ունեցածը: Տեղեկությունները բոլորովին չափազանցված չեն», - ասել են ճանապարհորդները:
Ֆրեդերիկն ու Մարիան առաջին անգամ են Հայաստանում, բայց իրենց խոսքով, այստեղ ամեն ինչ դուր է գալիս իրենց` եկեղեցիները, մարդիկ, «նույնիսկ` սնունդը»:
«Մինչեւ այստեղ գալը, մենք Վրաստանում ենք եղել: Պիտի ասենք, որ սնունդը Հայաստանում անհամեմատ ավելի համեղ է, քան Վրաստանում եւ ավելի նման է մերին», - խոստովանել է Մարիան:
Նշենք, որ Բելգիան այն երկրների թվին է պատկանում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:





























