Ապրիլյան պատերազմի  4 օրը ցույց տվեց, որ  ցեղասպանությունը  թուրք ժողովրդի գենետիկ հատկանիշն է, որ կարողանում են մարդու գլուխը, ականջը կտրել, խոշտանգել մարմինները, հստակ կարող եմ ասել, որ սա թուրքական ձեռագիրն է: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում NEWS.am-ի հետ զրույցում ասել է թուրք իրավապաշտպան Մահմուդ Ուզունը:

Նա նշել էր, որ  «Ընդդեմ ցեղասպանության միավորում» կազմակերպության ներկայացուցիչ է:  Ամեն տարի ապրիլի 24-ին գալիս է Երեւան՝ ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում եւ ներողություն խնդրելու հայ ժողովրդից, որ իր ազգը նման վայրագություն է կատարել հայ ժողովրդի նկատմամբ:

«Թուրքական մի շարք  հասարակական կազմակերպություններ արդարության կողմն են եւ ուզում են, որ Հայոց  ցեղասպանությունը ճանաչվի, դատապարտվի եւ փոխհատուցվի: Նրանք  կանգնած են հայերի կողքին, պայքարում են, որպեսզի թուրք հասարակության գիտակցությունը  հասնի այն մակարդակին, որպեսզի հայկական հարցը ճանաչեն: Թուրքիայում հասարակության շատ քիչ մասը արդեն առերեսվում է իրական պատմության հետ, ճանաչում է  Հայոց  ցեղասպանությունը, սակայն  Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց ժխտողական քաղաքականությունը»:

Իրավապաշտպանն ասել է, որ երկար տարիներ Թուրքիայում  եղել է քաղբանտարկյալ եւ 20 տարի է՝ ապրում է Լոնդոնում:

Նշել է, որ  այս  տարի Հայաստան է եկել նաեւ  աշխարհից պահանջելու Արցախի ինքորոշման ճանաչումը: 

Հարցին, թե արդյոք իր վարած գործունեության պատճառով թուրքական իշխանությունների կողմից չի հետապնդվում, պատասխանել է, որ ինքն արդեն ավելի քան 20 տարի Մեծ Բրիտանիայում է ապրում, այնտեղի քաղաքացի է, սակայն վերջին  երկու տարվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները սկսել են խիստ կեցվածք դրսեւորել իր  նման գործունեություն ծավալող գործիչների նկատմամբ եւ ինքն զգուշավոր է գտնվում ու չի այցելում Թուրքիա:

Անդրադառնալով Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմին՝ իրավապաշտպանն ասել է. «Այս 4 օրը ցույց տվեց, որ  ցեղասպանությունը  թուրք ժողովրդի գենետիկ հատկանիշն է, որ կարողանում են  մարդու գլուխը կտրել, ականջ կտրել, խոշտանգել մարմինները, հստակ կարող եմ ասել, որ սա թուրքական ձեռագիրն է:  Դատապարտում եմ ենք նման գործելաոճը:

Ես այսօր եկել եմ Հայաստան, որպեսզի լինեմ հայ ժողովրդի կողքին եւ պահանջեմ Արցախի հարցում  հայ ժողովրդի եւ արցախի  կողքը կանգնելու:  Մենք պահանջում ենք Արցախի հանրապետության ճանաչում»: