«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Ինչպե՞ս կքվեարկի խորհրդարանը, արդյոք, ՕԵԿ-ը  ձեր թեկնածությանը դեմ կքվեարկի՞, եւ եթե նման բան լինի, ինչպե՞ս ձեզ կզգաք:

Դա երեւի կոալիցիայի խնդիրն է, կա կոալիցիոն հուշագիր, դրանում ամրագրված կետեր կան, պայմանավորվածություններ: Դա  իմ խնդիրը չէ: Իսկ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է, եւ ես չեմ կարող պատասխանել ՕԵԿ-ի փոխարեն:

Մտավախություն չունե՞ք, որ մի օր էլ ձեզ կասեն՝ դիմում գրեք ու ազատեք ԱԺ-ի փոխոսնակի պաշտոնը, ինչպես դա արվեց Արեւիկ Պետրոսյանի պարագայում:

Եթե ես զգացի, որ չեմ կարող աշխատել, ինձ ասել պետք չի, դուք գիտեք իմ բնավորությունը: Ես աշխատել եմ խմբակցության ղեկավար, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, այնպես որ՝ բավականին ակտիվ աշխատանք եմ ծավալել Ազգային ժողովում, պատահական անցորդ չեմ այս երկրում, 11 տարի արդեն Ազգային ժողովի պատգամավոր եմ: Եթե չկարողացա, բնականաբար, ես կասեմ, որ չեմ կարող, ոչ թե ինձ կասեն:

Երբ դուք դարձաք ԲՀԿ անդամ, դեռ այն ժամանակ գիտեի՞ք, որ դառնալու եք կուսակցության փոխնախագահ եւ Ազգային ժողովի փոխնախագահ:  

2007-ի ընտրություններից հետո, երբ ՕԵԿ-ը ընդդիմադիր դաշտում էր, ես ՕԵԿ-ի հետ մասնակցեցի խորհրդարանական ընտրություններին եւ հետո սկզբունքային որոշում կայացրեցի եւ գնացի իմ ճանապարհով: Երեք տարի ես անկախ պատգամավոր եմ եղել, եւ այսօր էլ պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստանի» անդամ եմ: Ես, ի վերջո, պետք է գնայի մի քաղաքական ուժի հետ, իմ ծրագրերը, իմ խոստումները կատարելու, ինչը միայնակ հնարավոր չէ:

Ձեր մի նախադասությունը՝ այն մասին, որ ձեր ճակատին գրված է «Օրինաց երկիր», բոլորը սկսել են հիշել եւ հիշելու են նաեւ ձեր՝ ԱԺ փոխնախագահ դառնալուց հետո, ի՞նչ եք մտածում այդ մասին:

Ես դա ասել եմ եւ ես խոսքիս տերն եմ: Ես դա ասել եմ նվիրվածության  աստիճանով, որովհետեւ, եթե հիշում եք, 2006-ից սկսած, երբ ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում էր, ամբողջ մամուլը գրում էր, թե ես դուրս եմ գալու ՕԵԿ-ից, առնետավազք է լինելու եւ այլն: Ես հիմա էլ ասում եմ, որ այդ ժամանակ այդ խոսքերը ասել եմ նվիրվածության աստիճանով, այսինքն՝ ես նվիրված  եմ եղել իմ աշխատանքով այդ ժամանակահատվածում, եւ պատահական չէ, որ ես իմ սկզբունքներին չդավաճանեցի, 2007-ին դուրս եկա եւ շարունակեցի իմ ճանապարհը, եւ ես իմ ճանապարհը չեմ շեղել: