Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է. քանի դեռ նրանք հերքում են դա, նրանք խնդիրներ կունենան: Այս մասին ապրիլի 24-ին՝ մամուլին ասուլիսի ժամանակ, ասել է IDEA ֆոնդի հիմնադիր, 100 Lives նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չարտասանեց ցեղասպանություն բառը, նա ասաց. «Ինձ համար այդքան էլ կարեւոր չէ, թե ինչ է ասում Օբաման իմ ժողովրդի մասին: Մենք ասում են, որ մենք ուժեղ ենք, ողջ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա: Մենք գիտենք, որ դա ցեղասպանություն է, որ իմ տատիկի եւ պապիկի ընտանիքները ոչնչացվել են: Ինձ չի հուզում՝ ով ինչ է ասում»:

Ռուբեն Վարդանյանը նշեց նաեւ, որ դա ԱՄՆ-ի խնդիրը չէ եւ ոչ էլ միջազգային հարթակում երկակի չափանիշների հարցը: «Թուրքերի համար իրավիճակը շատ բարդ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը նրանց զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից»,- հավելեց Ռուբեն Վարդանյանը: