Հայաստանյան քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ ՀՅԴ-ն, սկսել են նախընտրական արշավը, սակայն ՀՅԴ-ն փոխհրաձգություներին չի մասնակցում:
Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ընտրությունների կեղծման պրակտիկային նա նշեց. «Եթե մենք եւս մեկ-երկու անգամ նորմալ, մարդավայել, միջազգային չափորոշիչներին վայել ընտրություններ չանենք, Հայաստանը կանցնի մի սահման, որից միայն ռեֆորմիստական ճանապահով հետ վերադարձնելն անհնար կլինի»:
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես ՀՀԿ-ն հայտարարում են, որ 100 տոկոսով վստահ են իրենց հաղթանակին, Վ. Հովհաննիսյանն ասաց, որ նման մտածողությունը շատ վտանգավոր է: «Քաղաքական ուժը, որ 100 տոկոսով վստահ է, վտանգավոր է: Նա պիտի վստահ լինի, որ այնքան լավ է աշխատել, «հաց ու կարագ» հասցրել ժողովրդին, այնպիսի երջանիկ մանկություն է տվել, որ համոզված է իր ընտրվելու մեջ: Երկրորդ, վստահ է, որ կընտրվի կեղծիքների միջոցով: Ես կարծում եմ, որ կոալիցիայից եւ ոչ ոք չի կարող ասել, թե լավ է աշխատել:
Այդ ի՞նչ է արել իշխող կուսակցությունը ժողովրդի ձայները ստանալու համար: Ոչինչ: Ուրեմն մնում է կեղծելը»:
Վ. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ վաղը` սեպտեմբերի 29-ին Աշտարակում հանրահավաք են անցկացնելու՝ որտեղ անդրադառնալու են մարզի ղեկավարության ապօրինություններին:




























