Խափանելով Գերմանիայի առաքելությունը Աֆղանստանում, Ադրբեջանը փորձում է ուրախ դեմք ցույց տալ տանուլ տված ժամանակ։ Ինչպես նախօրեին հաղորդել է գերմանական մամուլը, Ադրբեջանը՝ թույլ չտալով գերմանական զինվորականների համակազմի թռիչքը իր երկրի օդային տարածքով, խափանել է AWACS տեսակի ռադիոլոկացիոն հայտնաբերման և ուղղորդման օդային համակարգերով հանդերձված ինքնաթիռների սպասարկումն իրականացնելուն ուղղված նրանց առաքելությունը։
Ահա այսպես է մեկնաբանել այդ իրադարձությունը Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը. «Ադրբեջանը համագործակցել և համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ Աֆղանստանում դաշինքի հովանու ներքո անցկացվող խաղաղարար գործողությունների շրջանակներում»։ Ըստ երևույթին, Բաքվում կարծում են, որ սույն հայտարարությունը կփոխարինի գերմանացի զինվորականների աշխատանքին, ինչպես նաև չեղյալ կանի ոչ թե խոսքով, այլ գործով ահաբեկչության դեմ պայքար իրականացնող ինքնաթիռների սպասարկման անհրաժեշտությունը։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են դաշինքի անդամ-երկրներին օդային միջանցք տրամադրելու գործընթացին ծանոթ աղբյուրները, այդ գործընթացը տևում է մեկից երկու օր։ Մինչդեռ գերմանական համակազմը ավելի քան 3 շաբաթ գտնվում էր Կոնիայի թուրքական հենակայանում, և այդպես էլ չստանալով Ադրբեջանի օդային տարածքը հատելու թույլտվություն՝ ի վերջո վերադարձել է տուն։ Փաստորեն, AWACS ինքնաթիռների սպասարկման առաքելությունը ձախողվել է, թեպետ դրա անցկացման որոշումը կայացվել էր Բունդեսթագի մակարդակով։
Ակնհայտ է, որ քանի դեռ գերմանական զինվորականները անիմաստ գտնվում էին Թուրքիայում, Ադրբեջանն ու Էլխան Պոլուխովը «համագործակցել ու շարունակում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ»։




























