Ադրբեջանը ձեւական ժողովրդավարության զոհ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, հավելելով, որ արդեն տարիներ շարունակ այդ երկրի իշխանությունը եւ ընդդիմությունը մրցում են ժողովրդի առջեւ իրենց ավելի ագրեսիվ եւ Ղարաբաղի հարցում անզիջում երեւալու համար:
Իսկ դա, ըստ նրա, հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը, փաստորեն, լարել է մի ծուղակ, որում հայտնվել է ոչ միայն ինքը, այլեւ ողջ տարածաշրջանը:
«Եթե այսօրվա Ադրբեջանն, իսկապես, խոհեմ լինի, եւ ասի, լուծենք հակամարտությունը փոխզիջումներով, Ադրբեջանի հասարակությունը կարող է սրբել այդ իշխանությանը: Ուստի ընտրություններից առաջ Ադրբեջանի ագրեսիվությունը շփման գծում, հռետորաբանության մեջ եւ այլուր կարող է թեժանալ»,- կարծիք հայտնեց Վահան Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ անկախությունը ճանաչելուն, որի նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժառանգությունը» ՀՅԴ խմբակցության պատգամավորն ասաց. «Դա այն հարցն է, որ պետք է ոչ մի վեճ չլինի, անցնի 131 ձայներով, ու ոչ մի պատգամավոր բացակա չլինի: Եթե կան տարաձայնություններ դրա վերաբերյալ, այն պետք է հետաձգվի»:




























