Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում կա ընդունված ձեւ, երբ մեծ պետությունները դառնում են թույլ պետությունների անվտանգության եւ անկախության երաշխավոր: Այսօր` սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը առնվազն 49 տարով երկարաձգման խնդրին:

Նա որպես ասվածի օրինակ, բերեց Արեւելյան Եվրոպայի երկրների մի մասին, որոնց անվտանգության երաշխավորը ԱՄՆ-ն է:

«ՀՅԴ-ն համարում է, որ քանի Հայաստանի անկախությունը ապահովվում է Ռուսաստանի կողմից ղեկավարվող համակարգի մեջ եւ մենք չունենք այլ համակարգ, որն ավելի լավ կամ համարժեք կլինի, բնական է, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու որեւէ հիմք չունենք»,- նշեց Վահան Հավհաննիսյանն ու ընդգծեց. «Այլ հարց, թե որքանո՞վ է Ռուսաստանն ինքը հարգում մեզ, մեր անկախությունը: Սա առանձին հարց է, բայց այն կախված է մեր իշխանությունների խելքից, համառությունից, եւ հասարակությունից»:

Հարցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ այսքան հապճեպ երկարաձգվեց ռուսական ռազմակայանների Հայաստանում տեղակայման ժամկետը եւ այդքան երկար ժամանակով, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Ես չեմ կարող դատողություններ անել, թեեւ որոշ ենթադրությունն կարող եմ անել»: