Ինտերպոլը պատրաստ է վերանայել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուց հրաժարումը, եթե Ռուսաստանը լրացուցիչ նյութեր տրամադրի Նեֆտեյուգանսկի նախկին քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության վերաբերյալ:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ֆրանսիական Լիոն քաղաքում Ինտերպոլի գլխավոր շտաբում ռուսական պատվիրակության մասնակցությամբ բանակցությունների արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրազեկ աղբյուրին: Ռուսական կողմը խոստացել է մոտ ժամանակներս անհրաժեշտ փաստաթղթեր ուղարկել Ֆրանսիա:
Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ Ինտերպոլը մերժել է Խոդորկովսկու վերաբերյալ Ռուսաստանի հարցումը: Լիոնում կազմակերպության գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսաստանյան հայտը չի համապատասխանում կազմակերպության կանոններին, իսկ մոսկովյան բյուրոն խախտել է կանոնադրությունը` Խոդորկովսկու հետախուզման վերաբերյալ տեղեկություններ ուղարկելով բոլոր մասնակից-երկրներին եւ չտեղեկացնելով կենտրոնական գրասենյակին:
ՌԴ-ի գլխավոր դատախազությունը խոստացել է բողոքարկել Ինտերպոլի որոշումը:





























