Թուրքիան կստեղծի ՆԱՏՕ-ի համակարգում ինտեգրված սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը, հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Անկարան չեղյալ է համարել ՀՀՊ-ի համակարգերի բաղադրիչների արտադրության տենդերը 3,4 մլրդ դոլար արժողությամբ` ՀՀՊ-ի ազգային համակարգի նախագիծ մշակելու կապակցությամբ:
«Մենք շուտով նոր փուլ կմտնենք, որին կմասնակցեն հայրենական ընկերություններ, այդ թվում` Roketsan-ը եւ Havelsan-ը: Մենք շարունակում ենք փոքր, միջին եւ մեծ հեռավորության համակարգերի մշակումը` աստիճանաբար ընդլայնելով դիապազոնը… Միաժամանակ մեր կողմից մշակված ՀՀՊ-ի համակարգը կինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին», — հայտնել է Դեմիրը Hurriyet թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Թուրքիայի նպատակը պաշտպանական նշանակության արտադրանքի եւ դրա ռազմավարական կարեւորություն ունեցող բաղադրիչների 100 տոկոսանոց տեղական արտադրությունն է: Այժմ Թուրքիան, նրա խոսքով, մոտ 15 մլրդ դոլար ծավալով արտադրանք է թողարկում, իսկ ոլորտում ավելի քան 35 հազար մարդ է զբաղված:
Պաշտոնյան հավելել է, որ Թուրքիայի պաշտպանական արտահանումը ներկայումս մոտ 1,67 մլրդ դոլար է կազմում: Մոտակա յոթ տարիներին Անկարան մտադիր է այդ թիվը մեծացնել մինչեւ 25 մլրդ:





























